Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ՏԿԱԻ նախարարն այցելել է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն

14:15 / 23.11.2015

Նոյեմբերի 23-ին ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանն այցելեց հայ-ռուսական մարդասիրական արձագանքման և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոններ (ՀՆՓԱԻԿ): Նախարարին ուղեկցում էին Կոտայքի մարզպետ Կ. Գուլոյանը և Գետարգել համայնքի ղեկավար Ա. Կարապետյանը: Աշխատանքային այցի նպատակն էր ծանոթանալ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ընթացիկ և արդեն ավարտված բարեկարգման աշխատանքներին ու սպայական անձնակազմի աշխատանքային առօրյային:

Նախարարը, հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պ. Գյոզալյանի և ՀՆՓԱԻԿ պետ Գ. Գալստյանի ուղեկցությամբ շրջեց կենտրոնների տարածքում, ծանոթացավ ավարտուն և ընթացիկ աշխատանքներին, մարդասիրական օգնության պահեստների պայմաններին ու հնարավորություններին, զրուցեց սպայական անձնակազմի հետ: Կենտրոնում գործում է կինոլոգիական-հետախուզական, ինչպես նաև` փրկարարական ջոկատ` հանդերձավորված արագ արձագանքման համար անհրաժեշտ բոլոր պարագաներով: Նշենք, որ կենտրոնի տարածքում են գտնվում նաև Միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) անդամ հայկական ՔՈՓ թիմերի պահեստները:

Ընթացիկ տարում կենտրոնը, որը գտնվում է Գետարգել համայնքի վարչական տարածքում և զբաղեցնում շուրջ 17,5 հա տարածք, ցանակապատվել է բետոնյա պատվարով, նորոգվել են պահեստների, զորանոցի տանիքները, իրականացվել է շենքերի և աշխատասենյակների վերանորոգում, կատարվել են տարածքի կանաչապատման, ծառապատման և բարեկարգման աշխատանքներ:
                                             

           

Կենտրոնի տարածքը նախկինում պատկանել է «Ռադիո» ՓԲԸ-ին։ Տարածքում կա տարբեր նշանակության 17 շենք-շինություն (պահեստներ, ավտոկայանատեղի, գրասենյակային ու տնտեսական շինություններ, արհեստանոցներ, տաղավարներ, էլեկտրական ենթակայան և այլն): 2010 թ. ՀՀ կառավարության որոշմամբ` վերոնշյալ տարածքը հատկացվել է ՀՀ ՏԿԱԻ նախարարությանը։

Կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը: Մարդասիրական արձագանքման կենտրոնը տարածաշրջանում եզակի է: Այն հագեցած է նորագույն տեխնիկայով, ինչպես նաև` աշխատանքային և կենսապահովման բոլոր պայմաններով:

Մարդասիրական արձագանքման կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերի օպերատիվ արձագանքման մակարդակը:

Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի պաշտոնական բացումը կկայանա մոտ ժամանակներում:

 


 

← Վերադառնալ ցուցակին