Նորություններ

Այցեր և ելույթներ

Ելույթ

15:52 / 06.09.2016

ՀՀ ԱԻՆ փոխնախարար Դավիթ Կարապետյանի ողջույնի խոսքը Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության /ՀՕԿ/ Կլիմատոլոգիայի հանձնաժողովի ղեկավար խմբի նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ:

Հարգելի տիկնայք և պարոնայք

Ուրախ եմ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի և նախարարության անունից ջերմորեն ողջունել Ձեզ Համաշխարհային Օդերևութաբանական Կազմակերպության /ՀՕԿ/ Կլիմատոլոգիայի հանձնաժողովի ղեկավար խմբի նիստը Երևանում անցկացնելու կապակցությամբ:

ՀՀ ԱԻ նախարարությունը, ի դեմս Հիդրոմետ ծառայության, իր գործառույթների շրջանակներում մշտապես իրականացնում է կլիմայի և դրա փոփոխության ուսումնասիրություններ: Այդ ուսումնասիրությունների արդյունքներն օգտագործվում են Հայաստանի տնտեսության բոլոր ոլորտներում և բազմաթիվ շահառուների կողմից:

Միացյալ Ազգերի Կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության ազգային երեք հաղորդագրությունների պատրաստման գործընթացում առանցքային դեր են ունեցել Հիդրոմետ ծառայության կողմից իրականացված մշակումների արդյունքները, որոնք հիմնականում առնչվում են Հայաստանի տարածքի և նրա առանձին շրջանների կլիմայական սիստեմատիկ դիտարկումներին, տվյալների կառավարման և տրամադրման համակարգի վիճակին, կլիմայի ներկա փոփոխությունների մասին գնահատականներին, գլոբալ և տարածաշրջանային կլիմայական մոդելներով հաշվարկված կլիմայական սցենարներին, ինչպես նաև կլիմայի փոփոխությունների բնագավառում միջազգային, տարածաշրջանային ու ազգային կազմակերպությունների հետ համագործակցության և համատեղ իրականացված աշխատանքների արդյունքներին, որոնց իր նպաստն է բերում նաև ՀՕԿ-ի Կլիմատոլոգիայի հանձնաժողովը:

Հայաստանում, ըստ մեր գնահատականների, 1929 թվականից մինչև 2006 թվականը ջերմաստիճանն աճել է 0.850C-ով, իսկ ահա, ներառյալ 2015 թվականը, այն հասել է 1.220C-ի, ինչը 0.330C-ով բարձր է գլոբալ միջին ջերմաստիճանի փոփոխությունից: Այդ արագ տեմպերով ջերմաստիճանի բարձրացումը, իր հերթին, բերել է հանրապետության տարածքում կլիմայական ռիսկերի կտրուկ ավելացմանը:

2011-2015 թթ. եղել են ռեկորդային, ամենատաք 5 տարիները, հատկապես էքստրեմալ եղանակային երևույթների, մասնավորապես, կլիմայի գլոբալ փոփոխությամբ պայմանավորված ջերմային ալիքների ակտիվության առումով:

Հիդրոմետ ծառայության կողմից մեծ ուշադրություն է դարձվում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների` երաշտների, ցրտահարության, կարկտահարության, ջրհեղեղների, ուժեղ քամիների, անոմալ բարձր ջերմաստիճանների, տաք և ցուրտ ալիքների, խիստ սառնամանիքների կլիմայական էքստրեմումների վերլուծություններին: Աշխատանքներ են տարվում գիտականորեն հիմնավորելու կլիմայի փոփոխականության և վտանգավոր երևույթների հաճախականության միջև եղած կապը:

Վերջին տարիներին, ՀՕԿ-ի օժանդակությամբ, մեր մասնագետները յուրացրել են կլիմայի ուսումնասիրության ասպարեզում առաջավոր միջազգային փորձը: Բերեմ մի քանի օրինակներ.

• Հայաստանի տարածքում կլիմայի փոփոխության սցենարների մշակման համար վերլուծվել են մի շարք գլոբալ և տարածաշրջանային կլիմայական մոդելների արդյունքները: Նորացված սցենարներով թարմացվում են էկոհամակարգերի, ջրային ռեսուրսների, բերքի խոցելիության և այլ գնահատականները:

• ներդրվել է Մետեոֆրանսի կողմից մշակված HOMER ծրագրային փաթեթը, որն օգտագործվում է կլիմայական ամսական տվյալների շարքերի սխալների հայտնաբերման, վերականգնման և համասեռության ապահովման նպատակով:

• յուրաքանչյուր տարի, ըստ 47 օդերևութաբանական կայաններից ստացված տվյալների, հաշվարկվում են կլիմայական էքստրեմումները RCLIMDEX փաթեթով, և արդյունքները տրամադրվում են շահառուներին: Այսպես, Երևանում ջերմային ինդեքսների քանակը վերջին 25 տարում աճել է 258 դեպքով:

Հիդրոմետ ծառայությունում ակտիվացել են կլիմայի փոփոխության ուղությամբ գիտական ուսումնասիրությունները, բարելավվել են եղանակային կանխատեսումներն ու կլիմայական սպասարկումը, ինչը բարձր է գնահատվում որոշումներ կայացնողների և այլ շահառուների կողմից:

Հուսով եմ, կլիմայական ռիսկերի նվազեցմանն ուղղված բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ ՀՕԿ-ի կողմից իրականացվող համագործակցությունը մեծ նպաստ կբերի բոլոր երկրների կայուն տնտեսական զարգացմանը:

Հարգելի գործընկերներ, մաղթում եմ Ձեզ արդյունավետ աշխատանք:

← Վերադառնալ ցուցակին