Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարար. «Լոռու մարզի ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան վերազինվելու է»

16:28 / 11.03.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Նախարար Տոնոյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գնդապետ Մ. Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Սպիտակ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացան անձնակազմին, տեխնիկական հագեցվածությանն ու խնդիրներին: Նախարարն ու դեսպանը քննարկեցին ՀՓՋ-ների տեխնիկական արդիականացման հնարավորությունները:

Լրագրողների հետ զրույցում ԱԻ նախարարը նշեց, որ հնարավորինս սեղմ ժամկետներում այցելելու է հանրապետության բոլոր մարզերի հրշեջ-փրկարարական ջոկատները և ծանոթանալու վերջիններիս գործունեությանը:

-Ծանոթանալով հագեցվածության, հանդերձանքի հետ կապված խնդիրներին՝ կկարողանանք տեղում ճիշտ լուծումներ տալ: Մարզային և համայնքային ղեկավարության հետ հանդիպումները հնարավորություն կտան մեզ բյուջետային պլանավորման ընթացքում անհրաժեշտ շեշտադրումներ անել, որպեսզի աղետների ռիսկի նվազեցման ոլորտում հատկացումները լինեն համայնքային իշխանության կողմից,-ասաց նախարար Տոնոյանը:

Նախարարը նշեց, որ Լոռու մարզի հետ իրականացվելու է Ճապոնիայի կառավարության մեծ ծրագիր՝ հիմնականում վերազինվելու և վերահագեցվելու է ամբողջ փրկարարական և հրշեջ տեխնիկան:

Նախարարն այցելեց նաև Լոռու մարզային փրկարարական վարչություն և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն: Լոռու մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Կ. Հովհաննիսյանը նախարարին զեկուցեց ընթացիկ աշխատանքների մասին՝ նախարարից ստանալով մի շարք հանձնարարականներ:

ԱԻ նախարարը եղավ նաև Վանաձոր, Տաշիր, Ստեփանավան քաղաքների և Գուգարք համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

← Վերադառնալ ցուցակին