Նորություններ

Այցեր և ելույթներ

Ելույթ

16:19 / 13.10.2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձը
«Դիմակայունություն հանուն կայուն զարգացման» միջազգային եռօրյա համաժողովի մասնակիցներին


Մեծարգո հյուրեր
Ձերդ գերազանցություն հարգարժան դեսպաններ,
Գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք

Թույլ տվեք բոլորիդ ողջունել և նշել, որ այսօր մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Հայաստանում՝ Դիմակայունություն հանուն կայուն զարգացման միջազգային եռօրյա կոնֆերանսի շրջանակներում՝ կրթության և գիտելիքի օջախ հանդիսացող այս խորհրդանշական վայրում: Ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, ովքեր արձագանքել են մեր հրավերին և այսօր գտնվելով այստեղ՝ պատրաստ են մեզ հետ կիսել իրենց գիտելիքն ու փորձը և իրենց ներդրումն ունենալ այս միջոցառման ընթացքում նախատեսվող քննարկումներին:

Միևնույն ժամանակ վստահ եմ, որ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան /հոկտեմբերի 13/ նվիրված այս միջոցառումը հրաշալի հնարավորություն է ստեղծելու տարբեր գործընկերների միջև համագործակցության էլ ավելի ընդլայնման և նոր ձևաչափերի ստեղծման համար:

Մերօրյա ժամանակներում աշխարհում ծավալվող զարգացման գործընթացները և դրանց աննախադեպ արագությունը շարունակաբար մեծացնում են խոցելիությունը տարբեր տեսակի բնական և տեխնածին վտանգների նկատմամբ՝ ավելացնելով նորանոր ռիսկերը: Այս պայմաններում կառավարությունները, խորհրդարանները, մասնավոր և գործարար հատվածները, գիտահետազոտական կենտրոնները, քաղաքացիական հասարակությունն ու միջազգային դերակատարները պետք միավորեն իրենց ջանքերը՝ աղետների ռիսկերի նվազեցման ոլորտում համընդհանուր խնդիրների համակարգման, համագործակցության առավել արդյունավետ ձևաչափերի և փոխօգնության մեխանիզմների կազմակերպման նպատակով՝ այս կերպ աջակցելով տարբեր երկրների ազգային անվտանգության ապահովման և կայուն զարգացման օրակարգին:

Այս առումով, ընթացիկ տարվա մայիսին Մեքսիկայի Կանկուն քաղաքում տեղի ունեցած ԱՌՆ գլոբալ պլատֆորմի շրջանակերում Հայաստանը հանդես է եկել առաջարկությամբ տարածաշրջանում ձևավորելու համագործակցային պլատֆորմ, և այս համաժողովն այդ գործընթացի առաջին քայլն է հանդիսանում: 2018 թվականին Հայաստանը մտադիր է հյուրընկալել Ասիական տարածաշրջանային պլատֆորմը, որի արդյունքները կներկայացվեն եվրոպական ԱՌՆ տարածաշրջանային պլատֆորմի շրջանակներում: Որպես հետագա քայլ, նախատեսվում է հայտ ներկայացնել՝ արդեն 2020թ. եվրոպական տարածաշրջանային ԱՌՆ պլատֆորմը Հայաստանում անցկացնելու համար:

Սույն եռօրյա միջոցառումը կնշանավորվի նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում թեմատիկ խորհրդարանական լսումների անցկացմամբ, քանի որ մենք գիտակցում ենք, որ խորհրդարանները, որպես քաղաքականություն մշակող օրենսդիր մարմին, և պատգամավորները, որպես ընտրողների հետ անմիջական շփման մեջ մտնող հանրային ծառայողներ, կարող են նշանակալիորեն արագացնել դիմակայունության մշակույթի ներդրումը ցանկացած երկրում:

Հարգելի գործընկերներ,

2015թ. Հայաստանը, որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, միացել է աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրին, նպատակն է նշանակալիորեն կրճատել աղետների կողմից հասցված մարդկային, տնտեսական և նյութական կորուստներն, և որը սահմանում է աղետների ռիսկի նվազեցման բնագավառում պետությունների կողմից անհրաժեշտ ոլորտային և միջոլորտային նպատակաուղղված գործողություններ՝ տեղական, ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում:

Մյուս կողմից, հատկանշական է, որ Սենդայի գործողությունների ծրագիրը համահունչ է և կոչված է օժանդակելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների և Կլիմայի փոփոխության փարիզյան համաձայնագրի իրականացմանը, որը ևս մեկ անգամ հաստատում է զարգացման որևէ գործընթաց չի կարող լինել կայուն, եթե վեջինս պայմանավորված չէ աղետների ռիսկի գիտակցմամբ:

2017 թվականի ապրիլի 6-ին Հայաստանի Հանրապետությունը հաստատեց Աղետների ռիսկերի կառավարման ազգային երկրորդ ռազմավարությունը և վերջինիս գործողությունների ծրագիրը, որին հաջորդիվ աղետների ռիսկի նվազեցման ծրագրային առաջնահերթություններն իրենց տեղը գտան ՀՀ կառավարության նոր 2017-2022թ. գործողությունների ծրագրում:

Հիմք ընդունելով վերոնշյալ ռազմավարական փաստաթղթերը, մենք կարևորում ենք դրանց իրականացման նկատմամբ արդյունավետ մշտադիտարկման և գնահատման գործիքների ձևավորումն ու արդյունավետ տեղայնացումը:

Ամփոփելով խոսքս, թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել միջոցառման բոլոր մասնակիցներին և հույս հայտնել, որ այս հարթակը խթան կհանդիսանա Սենդայի գործողությունների և կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման համար, ընդգրկելով փորձի փոխանակման և տարածաշրջանային համագործակցության շատ ավելի լայն աշխարհագրություն:

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք և հաջողություններ:

← Վերադառնալ ցուցակին