Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով Կատարում է. միջազգային օրակարգում են քաղպաշտպանության խնդիրները

11:05 / 27.03.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ, ICDO) գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հրավերով, մեկնել է Կատարի մայրաքաղաք Դոհա՝ մասնակցելու մարտի 27-28-ն այնտեղ անցկացվող Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի 23-րդ նստաշրջանին:

Միջոցառումն անցկացվում է Կատարի վարչապետ և ներքին գործերի նախարար Ն.Գ. Շեյխ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանիի հովանու ներքո:

ՔՊՄԿ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանին մասնակցում են 21 երկրի արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության պատասխանատու կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպման նպատակն է ամփոփել կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները, քննարկել ոլորտում առկա խնդիրները և նախանշել առաջիկա տարիների անելիքները: ՔՊՄԿ անդամ երկրների համար սա քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը կատարելագործելու վերաբերյալ գաղափարներ և օգտակար փորձ փոխանակելու հարթակ է:

Եռօրյա միջոցառման շրջանակում տեղի արագ արձագանքման ուժերի ներգրավմամբ կանցկացվի նաև ցուցադրական դաշտային վարժանք:

Հայաստանը Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպությանն անդամակցում է 1994 թվականից, և ՀՀ ԱԻ նախարարությունը տարբեր ձևաչափերով համագործակցում է կազմակերպության հետ:

← Վերադառնալ ցուցակին