Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարարն այցելել է Լուսակերտի ուսումնական կենտրոն և Գառնիի երկրաֆիզիկական դիտարան

16:59 / 31.05.2018

Մայիսի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր: Այցելության առաջին կանգառը արտակարգ իրավիճակների նախարարության Լուսակերտ ուսումնական կենտրոնում էր, որտեղ նախարարը ծանոթացավ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղպաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի գործունեությանը: Նախարար Ռոստոմյանը շրջեց ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացավ շինությունների գույքային ապահովվածությանն ու տեխնիկական հագեցվածությանը: ԱԻ նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց տարածքի բարեկարգման, շինությունների գույքային վիճակի և տեխնիկական հագեցվածության բարելավման վերաբերյալ:

Հրաչյա Ռոստոմյանի հաջորդ կանգառը ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում էր: Նախարարը շրջեց ՊՈԱԿ-ի տարածքում և ծանոթացավ դիտարանի թունելի սարքերին և սարքավորումներին: Թունելն ունի 375 մետր երկարություն, մաքսիմալ խորությունը երկրի մակերսից 67 մետր է, ջերմաստիճանը հաստատուն է` ողջ տարի 14 աստիճան տաքություն: Հրաչյա Ռոստոմյանին ներկայացվեցին դիտարանի առանձնահատկությունները: Դիտարանը տեղակայված է Գառնու ակտիվ խզվածքի գոտում, ունի սեյսմիկ և այլ խոտորումների ցածր մակարդակ, Երևանին սպառնացող ամենավտանգավոր երկրաշարժերի օջախային գոտին վերահսկելու հնարավորություն: Դիտարանում տեղադրված է եզակի դեֆորմոգրաֆ, որի 2 թևերն ունեն 90 մետր երկարություն, և առավել մեծ ճշգրտությամբ է ցույց տալիս երկրակեղևի շարժը: 


Արտակարգ իրավիճակների նախարարը ծանոթացավ Գառնիի դիտարանում տեղադրված լազերային ինկլինոմետրի աշխատանքին, որը առաջին անգամ տեղադրվել է Հայաստանում: Այն նախատեսված է միջնաժամկետ և երկարաժամկետ սեյսմիկ վտանգը գնահատելու համար, հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետևել երկրակեղևի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ, որը մեծ ձեռքբերում է նաև երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից: Նախարարը եղավ դիտարանի տվյալների հավաքման և մշակման ստորաբաժանումներում, ինչպես նաև` ծանոթացավ Գառնու դիտարանի երկրաքիմիական լաբորատորիայի աշխատանքին, որտեղ փորձաքննության են ենթարկվում ջրի բաղադրությունը և դրա փոփոխությունները:

Հրաչյա Ռոստոմյանը խորհրդակցություն անցկացրեց ՊՈԱԿ-ի և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի ղեկավար կազմի, գիտնականների ու մասնագետների հետ, որի ժամանակ քննարկվեցին դիտարանի գործունեության, կադրային քաղաքականության, աշխատակիցների մասնագիտական կարողությունների հետ կապված հարցեր:

← Վերադառնալ ցուցակին