Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարարի այցը Շիրակի մարզ. Հ. Ռոստոմյանը հանձնարարել է շտկել առկա թերությունները

20:07 / 23.06.2018

Հունիսի 23-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Շիրակի մարզ։ Այցի նպատակն էր ծանոթանալ մարզի փրկարարական վարչության (ՄՓՎ), տարածքային հրշեջ-փրկարարական ջոկատների, ինչպես նաև տեղում քաղպաշտպանության գործառույթներն իրականացնող անձնակազմերին, գույքային և տեխնիկական կարողություններին, ընթացիկ աշխատանքներին և առկա խնդիրներին:

Շիրակի մարզում նախարար Ռոստոմյանն այցելեց Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատ, ծանոթացավ շենքային պայմաններին, գույքային ու տեխնիկական հագեցվածությանը: Հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի հետ զրույցում նախարար Հրաչյա Ռոստոմյանը մի շարք խնդիրներ արձանագրեց՝ նշելով, որ հնարավորինս սեղմ ժամկետներում առկա խնդիրների համար անհրաժեշտ է օպտիմալ լուծումներ գտնել. մասնավորապես՝ բարելավել հրշեջ-փրկարարական ջոկատի շենքային պայմանները, ինչպես նաև համալրել կենցաղային կանչերի համար նախատեսված փրկարարական տեխնիկան:

Այցի շրջանակներում նախարար Ռոստոմյանը եղավ նաև մարզային փրկարարական վարչությունում և ճգնաժամային կառավարման կենտրոնում, ինչպես նաև Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատում: Նախարարը շրջեց շինությունում և հարակից տարածքներում, ծանոթացավ առկա պայմաններին, խոսեց անձնակազմի հետ: Շրջայցի ընթացքում նախարար Ռոստոմյանն արձանագրեց մի շարք կազմակերպչական թերություններ, ինչպես նաև շենքային պայմանների և ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ: Նախարարը կարգադրեց շտկել հայտնաբերված թերությունները։

← Վերադառնալ ցուցակին