Նորություններ

Այցեր և ելույթներ

ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով ՌԴ-ում է

15:44 / 24.09.2018

Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու սեպտեմբերի 25-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի Դաշնության փրկարարական գերատեսչությունների միացյալ խորհրդի գիտատեխնիկական 4-րդ նստաշրջանին և Բելառուսի Հանրապետության ԱԻՆ, Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Կոլեգիայի 6-րդ համատեղ նիստին:

ՀՀ ԱԻ նախարարության պատվիրակության կազմում ընդգրկված են նաև ԱԻ նախարարի տեղակալ Ա. Բալյանը և «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» ռուսական կողմի համատնօրեն Յուրի Պոլեշչյուկը: ԱԻ նախարարի տեղակալ Արկադի Բալյանը համակարգում և կազմակերպում է արտակարգ իրավիճակների բնագավառում քաղաքացիական պաշտպանության միասնական պետական քաղաքականության մշակման, պլանավորման և իրականացման, արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրության, արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման միջոցառումները, ինչպես նաև՝ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի գործունեությունը:

ԱԻ նախարարության ղեկավարությունը մեծապես կարևորում է մասնակցությունը վերը նշված միջոցառումներին` դիտարկելով այն որպես հերթական անհրաժեշտ քայլ արտակարգ իրավիճակների բնագավառում իրականացվող համագործակցային աշխատանքների նպատակային և հեռանկարային խնդիրների արդյունավետ իրականացման համար, որը լայն հնարավորորություններ կընձեռի` քննարկելու Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի ֆինանսավորման, փրկարարական համատեղ ուժերի տեխնիկական հզորացման, արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական միջգերատեսչական լայնաֆորմատ համաձայնագրի մշակման և այլ հարցեր:

← Վերադառնալ ցուցակին