ԱԻՆ վետերանների խորհուրդ

Մեր վետերանները

Փրկարարի ճակատագիրը

16:20 / 24.07.2015

Հակոբ Ավետյան. "Մարդկանց փրկելն է եղել մեր գործը, էլ լավ գործը ո՞րն է"

Լրացավ ՀՀ ԱԻՆ վետերան Հակոբ Ավետյանի ծննդյան 90-ամյակը, ով երկար տարիներ աշխատել է նախկին ՆԳՆ հրշեջ պահպանության վարչությունում` որպես հրշեջ-հրահանգիչ: Հակոբ Ավետյանը ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի անդամ է: Հակոբ Ավետյանի աշխատանքը միշտ էլ գնահատվել է, բարեխիղճ ու անձնուրաց ծառայության համար բազմիցս խրախուսվել է ՀՀ ՆԳՆ նախարարի պատվոգրերով, մեդալներով, շքանշաններով: Դեկտեմբերի 16-ին նախարարության և անձամբ նախարարի անունից վետերանին շնորհավորել է ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի նախագահ Ներսիկ Հեպոյանը:

Հակոբ Ավետյանը ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 16-ին,Գեղարքունիքի մարզի Վերին Ճամբարակ գյուղում: Ավետյանները արմատներով Արցախից են:

- Գանձասարցի պապս ապրել է 135 տարի, հայրս` 90 տարի, իսկ մայրս` 102 տարի. ես էլ արդեն իննսուն տարեկան եմ, երևի Արցախի օդից է…չէ, հաստատ Արցախի օդից է … (ծիծաղում ենք) … Իսկ իմ միտքը արդեն «Արայի անտառներում» էր` առասպելական թագավորի սիրած որսավայրում` «Արցախում»… Իսկ հարազատ գյուղի պաշտպանության համար թուրքերի դեմ կռիվների, քաջության, աշխատասիրության և դավաճանությունը չհանդուրժող խիզախ պապի մասին պատմությունները հիշեցնում էին Վարդանանց պատերազմի մասնակից, Արցախի այրուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորած Առանշահիկ Բակ իշխանին, ով պատերազմից հետո վերադարձավ Արցախ և պաշտպանեց պարսիկներից… ու մինչև օրս…պաշտպանված է արցախյան հողը…

- 1942-47 թթ. ծառայել եմ Սովետական բանակում, - շարունակում է, - 42-ին, երբ երկու եղբայրներիս տանում էին բանակ, ես նույնպես որոշեցի նրանց միանալ: Շատ էի կապված եղբայրներիս հետ, առանց իրենց ինձ չէի պատկերացնում, նաև ինձ մի տեսակ պարտավորված էի զգում, չնայած, որ, տասնութ տարիս դեռ չէր լրացել…բայց, ասեմ, ճարպիկ տղա էի… Մեր գյուղում նույն անուն-ազգանունով մի մարդ կար` նրա փոխարեն ներկայացա…ու զինվորագրվեցի: Գյուղի մարդիկ, երբ իմացան, լաց էին լինում, ասում էին` էս փոքր էրեխուն ինչի՞ են բանակ տանում…Եղբայրներիս չհանդիպեցի, իրար չտեսանք` տարբեր ճակատներում էին, իսկ ինձ պահեցին Հայաստանում: 1943 թ. արդեն սերժանտի կոչում ունեի: Հետո 9 ամիս ծառայեցի Պարսկաստանում` Ջուլֆայում. մեզ էր վստահված ռազմական պահեստների պաշտպանության գործը: Հիշում եմ` երբ մեծ հրդեհ էր բռնկվել հարևան Պարսկաստանում, մեզ օգնության ուղարկեցին, շատ մեծ գործ արեցինք... Տեղի բնակիչները հիմնականում թրքախոս Էին, Թալիշի թուրքերով բնակեցված մասում էինք, և բնակիչներին օգնելու ժամանակ աշխատանքներ իրականացնելիս մեր թիմին իմ թուրքերենով ես շատ օգնեցի: Թուրքերեն խոսել սովորել էի գյուղում` տեղի ադրբեջանցի բնակիչների հետ շփվելով: …Լավ էլ հասկանում էինք իրար...ու էնքան էին կապվել ինձ հետ, էնքան երախտապարտ էին, որ երբ հիվանդանոց էի ընկել` գալիս էին, ուտելիք էին բերում, խնամում էին… շատ դժվար բաժանվեցինք…ուզում էին, որ մնամ…բայց ես, իհարկե, չէի կարող, մտքովս էլ չի անցել: 44թ.-ին, երբ վերադարձանք Հայաստան, շարունակեցի ծառայությունս Սովետական բանակում` Հայաստանում գտնվող Թամանյան դիվիզիայում, իսկ 45-ին ճակատից վերադարձած հայկական Թամանյան դիվիզիան և մենք միավորվեցինք: Հրահանգիչ-կարգավար էի: Մինչև 1947 թվականը գնդի բուժհրահանգիչ էի, ինչը սովորել էի 6-ամսյա դասընթացներից, առաջին բուժօգնություն ցույց տալու հրահանգներ էի սովորեցնում գնդի ծառայողներին: 1948 թ. մայիսին ընդունվել եմ աշխատանքի ՆԳՆ Երևանի հրշեջ պահպանության վարչության թիվ 6 հրշեջ մասում, որպես հրշեջ, իսկ 1960 թ.-ին 1 հրշեջ մասում ջոկատի հրամանատար էի: 78թ.-ին ավագ սերժանտի կոչում ստացա: Շատ եմ սիրել իմ աշխատանքը, որովհետև մարդկանց փրկելն է եղել մեր գործը, էլ լավ գործը ո՞րն է...

Հակոբ Ավետյանը առանձնահատուկ սիրով ու հպարտությամբ էր պատմում իր աշխատանքային տարիների խիզախությունների, երիտասարդության, անցած-գնացած, ապրած ու չապրած օրերի, սակայն երբեք չմոռացվող, հետաքրքիր ու նույնիսկ ճակատագրական դեպքերի մասին.

-1970 թվականի հունիսն էր. Վովա փիղը դուրս էր եկել կենդանաբանական այգու դարպասներից: Վարժեցնողը այդ օրը չկար, իսկ ուրիշ ոչ մեկին փիղը չէր լսում։ Անհապաղ կանչում են մեզ: Վտանգը մեծ էր...մենք ջրի շիթերի օգնությամբ մի կերպ փորձում էինք հսկա փղի առաջն առնել, հետ պահել, որ հանկարծ փողոց դուրս չգար, հարկավոր էր, որ գոնե ժամանակ շահեինք մինչև լրացուցիչ ուժերի գալը...շատ դժվար էր: Փիղը հարձակվում է անցնող տրոլեյբուսի վրա, ճզմում հետնամասը։ Հետո հարձակվում է կանգնած ՈւԱԶ ավտոմեքենայի վրա, ժանիքներով բարձրացնում և նետում մի կողմ։ Արդյունքում ջարդում է ժանիքը, որի ցավը ավելի է կատաղեցնում կենդանուն։ Զինվորներ են կանչում, որոնք փորձում են կրակելով կանգնեցնել կենդանուն։ Հետո գալիս է զրահապատ մեքենա, որը կենդանուն հետ՝ դեպի կենդանաբանական այգի քշելու անհաջող փորձից հետո, հարվածելով տապալում է նրան ու սպանում...ահավոր էր...

Վովան` Երևանի կենդանաբանական այգու փիղն էր, որը հայտնի է դարձել իր փախուստով։ Խորհրդային Միությունում իր չափերով երկրորդ փիղն էր։ Ըստ փաստաթղթերի` Վովա փիղը ծնվել է 1927 թվականին, մեկ տարեկան հասակում Հնդկաստանից տեղափոխել էին Խորհրդային Միություն։ Սկզբում ապաստանել էր Ռուսաստանի, ապա Ուկրաինայի կենդանաբանական այգիներում։ Վովան՝ վարժեցնող Իվան Շչերբանի ղեկավարությամբ, մասնակցում էր կենդանաբանական այգուն կից կազմակերպվող կրկեսային ներկայացումներին։Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին կենդանաբանական այգին տարհանում են, տրանսպորտի բացակայության պատճառով վարժեցնողն ու փիղը ոտքով ճանապարհ են ընկնում և 1941 թվականի աշնանը հասնում են Երևան։ Հեզ վարքի տեր կենդանին կարճ ժամանակում դառնում է նոր կառուցվող կենդանաբանական այգու աշխատակիցների և երեխաների սիրելին։ Փիղը օգնում էր բանվորներին շինանյութ տեղափոխել, մեջքին նստեցրած ման էր ածում երեխաներին։ Պատերազմի տարիներին փիղը օգնում, հրում էր Մյասնիկյան պողոտայի զառիթափին կանգնած մեքենաները:

Կենդանաբանական այգու բացումից առաջ, փիղը համարյա ազատ էր, բայց 1945 թվականից հետո նրան փակեցին վանդակում։ Հետագա 30 տարիների ընթացքում ոչ փղարանի չափերը, ոչ էլ կենդանու սնունդը չէին ավելացրել։ Կենդանին մեկ անգամ ջարդելով պատը դուրս էր եկել ու բարձրացել կողքի բլուր` արածելու։ 1970 թվականի հունիսի 28-ի առավոտյան Վովան դուրս է գալիս փղարանից և չենթարկվելով ոչ մեկին` մտնում Մյասնիկյան պողոտա (Գ.Խ.)։
-1946 թվականն էր,-շարունակում է զրուցակիցս,- լսած կլինեք, երևի…Երևանում հորդառատ անձրևների ժամանակ հաճախ էին տեղի ունենում հեղեղումներ, սակայն, այն ինչ եղավ 1946 թ-ին, երբ Գետառը վարարել և հեղեղել էր քաղաքը, այ դա երբեք չեմ մոռանա... Մենք` հրշեջներս, ինչպես միշտ, առաջիններից էինք, որ օգնության հասանք: Այդ իրարանցման մեջ, տեսնելով, թե ինչպես է հեղեղը քշում մարդկանց, առանց մտածելու, անմիջապես նետվեցի ալիքների մեջ` մոռանալով, որ անգամ լավ լողալ չգիտեմ, բայց կարողացա ջրից դուրս բերել երկու կնոջ… մայր ու աղջիկ էին…փրկեցի…ու...սիրահարվեցի…

Նրա աչքերի անկյուններից սպրդած կայծերը, մի կերպ հաղթելով տարիների թողած խամրությանը` հաստատեցին ակամայից ասածը ու պատանուն հատուկ թեթևությամբ, շարունակեց իր պատմությունը:

- Երեկոյան, հոսքը մեղմեց, և ջրերը սկսեցին հոսել Գետառի հունով, ասես ոչինչ էլ չէր եղել, իսկ ես` թրջված ու շիվարած. մայր ու աղջիկ համոզում էին ինձ, որ թաց շորերով չմնամ, գոնե սպասեմ մի քիչ չորանա, հետո գնամ: Դե, չթողեցին, պահեցին, շորերս լվացին-չորացրին…առավոտյան գնացի գործի: Մայր ու աղջիկ մենակ էին ապրում: Օր ու գիշեր աշխատում էին, լավ արհեստ ունեին` ջուլհակ էին, սակայն չկար մի տղամարդ, որ իրենց օգներ, հոգսը թեթևացներ…Օգնում էի…հացով-մացով, դե ինչով կարողանում էի…Կապվեցինք, ու…ամուսնացանք: Կինս ծնվել է Հունաստանում, 1927թ.-ի ծնունդ է: Մոր ծնողները Արևմտյան Հայաստանից գաղթել էին Հունաստան, հետո այնտեղից էլ Հայաստան: 32-ին, 5 տարեկան հասակում տուն են վերադարձել` Հայաստան: Կինս շատ էր տանջվել, դեռ փոքր հասակից էր մոր հետ սկսել աշխատել: Երբ ամուսնացանք, ես 22 տարեկան էի, իսկ ինքն ընդամենը 19 տարեկան, բայց չեմ թողել, որ աշխատի: Ես եմ աշխատել: Իմ հիմնական աշխատանքից հետո, ազատ ժամերին, աշխատում էի շինարարությունում, որտեղ կպատահեր, պատրաստ էի ցանկացած գործ անելու, միայն թե կինս պակասություն չունենար, մեծացներ մեր երեք երեխաներին` զբաղվեր միայն նրանցով. 2 տղա և 1 աղջիկ ունենք: Ես ժամանակ չունեցա սովորելու, ընտանիքիս հոգսը շատ էր, բայց երեխաներս բոլորն էլ բարձրագույն կրթություն են ստացել, սիրում են աշխատել, բարի են …ես ու կինս էլ երջանիկ ենք ու միշտ միասին:- Ռոմեո և Ջուլիետ ենք ասում,- միջամտեց թոռը` փրկարար ծառայության աշխատակից Ավետյան Արմենը, ով ուղեկցել էր պապին վետերանների սենյակ և լուռ հետևում էր մեր զրույցին,- տատս շատ գեղեցիկ կին է, ուրախ, հումորով ու միշտ երջանիկ:

- Կնոջս շատ լավ եմ պահել,- շտապելով ավելացրեց զրուցակիցս, - հիմա էլ եմ լավ պահում, ես եմ շուկա գնում, առնում-բերում, տանն էլ եմ օգնում, միայն առաջվա նման էլ չենք կարողանում միասին ման գալ…առաջ նույնիսկ հանգստանալու էինք մեկնում Ռուսաստան, Տալին, Ռիգա…ինչ աշխատել եմ, մեզ բավարարել է, ամեն ինչ արել եմ, որ երջանիկ զգանք մեզ: Հարստություն ինձ պետք չի եկել, ով ա դրանով հարուստ չգիտեմ, ես իմ ընտանիքով եմ հարուստ, եթե ազնիվ ու սիրով ապրես` երկար կապրես…գաղտնիք չկա:

Հ.Գ. Փոքրիկ Գետառի անսպասելի վարարումի և խոշոր ավերածությունների մասին բազմաթիվ պատմություններ են շրջանառվում` հավաստի ու անհավանական: Դրանք մինչ օրս էլ հնչում են իբրև առասպել` գունազարդումներով, պատումների բազմազանությամբ, իսկ ոմանք նույնիսկ երգ էին հորինել արհավիրքի մասին: Վնասների իրական ծավալների մասին այն տարիներին հրապարակումներ չեն եղել: Զոհերի մասին` ևս: Սակայն լռության թիկունքում ողբերգությունը չես թաքցնի: Այսօր արդեն մի շարք աղբյուրներում նշվում է, որ 1946-ի մայիսի ջրհեղեղը շուրջ 200 մարդկային կյանք էր խլել: Ի վերջո, ամեն բան վերադարձավ իր նախկին հունը: Գետառը` նույնպես: Անվերադարձ մնացին միայն կորսված մարդկային կյանքերը: 1946-ի մայիսին Երևանում նույնպես քիչ չէին նրանք, ովքեր վտանգելով իրենց կյանքը, դարձան այդ օրերի հերոսները:

Իսկ մեր հերոսը`Հակոբ Ավետյանն է, ով այդ օրերի մասին իր պատմությունն ունի, Գետառի ճիրաններից փրկված իր սիրո պատմությունը, որի համար արժե ապրել ևս իննսուն տարի, իսկ իր ներկայությունը կենդանի հիշողությունն է, որ մնացել է Երևանի մեծ ջրհեղեղից:

Զրուցեց`
Գոհար Խանվելյանը

← Վերադառնալ ցուցակին