ԱԻՆ վետերանների խորհուրդ

Մեր վետերանները

Մեր վետերանները. Համլետ Մամիկոնի Գալստյան

16:15 / 24.07.2015

Օրերս ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկարամյա անբասիր ծառայության, նվիրվածության, բարձր պատասխանատվության, ինչպես նաև հրշեջ պահպանության ծառայության նվիրյալների մասին ժամանակագրական մանրամասներով գրված գիրք-ալբոմի ստեղծման կապակցությամբ, «Փրկարար ծառայության պատվավոր փոխգնդապետ»-ի կոչում շնորհեց փրկարարական ծառայության պաշտոնաթող մայոր Համլետ Մամիկոնի Գալստյանին:

Մուրացանից, Շեքսպիրից ու Շիլլերից…մինչև հրշեջ-փրկարար

Հեղինակը գիրք-ալբոմը սկսել է գրել 1975 թվականից,որն իր մեջ ներառում է ՀՍՍՀ ՆԳՄ Հրշեջ պահպանության վարչության 7-րդ հրշեջ մասի ողջ պատմությունը և ավարտել է 1982 թ.-ին` կենսաթոշակի անցնելուց հետո: Հրշեջ պահպանության ծառայության նվիրյալների մասին պատմությունը հենց իր` Համլետ Գալստյանի կյանքի 34 տարիների ծառայության պատմությունն է. 34 տարի…նույն աշխատատեղում` 7-րդ հրշեջ մասում: Ճանապարհն այս սկսվում է 1948 թվականից, երբ նա ընդունվում է աշխատանքի «Նաիրիտ» գործարանի պահպանության 7-րդ ռազմականացված հրշեջ մաս` որպես շարքային հրշեջ: 1951 թ.-ին ավարտում է Մոսկվայի սպայական դպրոցը, 1962 թ.–ն` նշանակվում հրշեջ մասի պետի տեղակալ և ստանում է կապիտանի կոչում, իսկ 1967-70 թթ.–ին սովորում ու ավարտում է Խարկովի հրշեջ-տեխնիկական ուսումնարանի հեռակա բաժինը և 1976թ.-ին նշանակվում նույն հրշեջ մասի պետ` ստանալով մայորի կոչում: 1982-ին անցնում է կենսաթոշակի: Ահա, կարծես թե, այսքանը… 600 էջ, ձեռագիր` գրիչով ու սև թանաքով գրված, սակայն հարուստ իր բովանդակությամբ` պատմական ծավալուն նախաբանով, գրաֆիկական պատկերներով, բազմատեսակ մասնագիտական քարտեզներով, արխիվային արժեքավոր նյութերով, հետաքրքիր լուսանկարներով, զարգացման փուլերով, վիճակագրություններով ու վերլուծություններով` մի գիտական աշխատություն, ուսանելի` հաջորդ սերունդների համար (առանց չափազանցության):
Հեղինակն իր մակագրությամբ գիրք-ալբոմը նվիրում է ԱԻՆ թանգարանին, իսկ մյուս գիրքը, որ դեռ կրծքին սեղմած պահած էր` մեկնելով ինձ, ասում. «Նախքան մեր զրույցին անցնելը, կուզենայի՞ք կարդալ իմ բանաստեղծությունները… Ես բանաստեղծություններ էլ եմ գրել…»: Եվ հանդարտ, առանց շտապելու, տանտիրոջ իրավունքով, հանգիստ տեղավորվելով բազմոցին` սկսեցինք մեր զրույցը (վետերանների սենյակում էինք):
_Ծնվել եմ 1927 թվականի հուլիսի 1-ին, Սիսիանի շրջանի Բալաք գյուղում, հողի աշխատավորի ընտանիքում:Դե ինչ ասեմ, չհասցրեցի ավարտել 7-րդ դասարանը, երբ սկսվեց պատերազմը: 41-ի սեպտեմբերին նորից ուզում էի շարունակել ուսումս, սակայն հայրս մեկնեց ռազմաճակատ, իսկ մայրս չէր կարողանում 6 շունչ պահել, ստիպված մտա կոլտնտեսություն` աշխատելու: Հաջորդ տարին նորից փորձեցի շարունակել ուսումս.43-ին զոհվեց հայրս…Ծանր ու տխուր օրեր էին… Բայց ես աշխատանքից հետո հոգնած գալիս էի, հավաքում գյուղի երեխաներին ու թատրոն էինք տալիս, խաղում ու զվարճացնում էինք մեր գյուղի տխուր մարդկանց, խաղում էինք «Նամուս», «Պատվի համար», նույնիսկ` Շիլլերի «Ավազակները», Շեքսպիրի «Համլետը», իսկ բոլոր գլխավոր դերերում ` ես էի: Շատ էի կարդում, թատրոն շատ էի սիրում, երազում էի թատերական ինստիտուտ ընդունվել, եկա Երևան… Միջնակարգ կրթություն չունենալու պատճառով` երազանքս այդպես էլ չիրականացավ… Դա ինձ հանգիստ չէր տալիս… Ասեմ, որ հենց իմ նախաձեռնությամբ, հենց մեր հրշեջ մասում, դպրոց հիմնեցինք` 8-10-րդ դասարանները չավարտածների համար,ես էլ արծաթե մեդալով ավարտեցի և առանց քննության ընդունվեցի Խարկովի հրշեջ- տեխնիկական ուսումնարանի հեռակա բաժինը: 48-ից մնացի Երևանում,ապրում էի հանրակացարանում, հանգիստ էի, որ մայրս արդեն օգնող ձեռք ուներ` եղբայրներս արդեն մեծացել էին, արդեն աշխատում էին, և ես հանգիստ խղճով աշխատում էի… Հրշեջ- փրկարար եմ…Հպարտ… Դա առաջին անգամ զգացի, երբ համամիութենական հրշեջ-տակտիկական խնդրի լուծման մրցույթ էր հայտարարվել, պատահական տեսա, մասնակցեցի ու… 3-րդ տեղը ՍՍՀՄ-ում: Իսկ մնացածը…Ես ստեղծագործում եմ…

Թերթում եմ Համլետ Գալստյանի ձեռագիր բանաստեղծությունների գիրքն ու տողերում կարդում նրա միտքը, զգում` հոգին, խոսում նրա հետ… Երբ պատմում էր սիրելի մոր, Արցախյան ազատամարտից վիրավոր վերադարձած որդու, իր հրեշտակ կնոջ, լուսերես թոռնուհու, սարերին թիկնած հարազատ գյուղի մասին… Երբ խորհում էր դավաճանության, հայրենասիրության, ծերության մասին և բողոքում ու, միևնույն ժամանակ, ապավինում` Առ Աստված…

Սիրերգ //1956թ.

…Քո ձայնը թող, այ աղջի,
Հոգուս մեջը ղողանջի,
Գարնան անուշ ամեն բույր
Թող նվիրե քեզ համբույր:
***
-Չեմ կարող զատվել քեզանից միայն,
Քանի որ արդեն իմ սրտում հնուց
Բորբոքեցիր դու և կրակ, և բոց…
***

Կնոջս//1955թ.

Կինս բարի հրեշտակ,
Աղավնի էր հարկիս տակ…
Իմ սուրբ պաշտելի, իմ տուն ու տանիք
***
Մնաս բարով եմ ասում բերանով,
Բայց դու միշտ, հավետ ինձ հետ ես սրտով,
Դու իմ կյանք, իմ սեր, իմ հավերժություն,
Մնաս դու բարով, հին մտերմություն…
***

Մեր գյուղը//1977թ.

Կանաչ սարերի և խոր ձորերի
Արանքում փոքրիկ մի գյուղ կա բազմած,
Մեր գյուղն է, որ կա նա իմ սիրելի
Լեռների գրկում, սարերին թիկնած..
***

Մայրիկիս //1989թ.

Օ, իմ տանջահար դու մայր արարած…
Ես լավ եմ հիշում, որ օր էր լինում,
Սիրասուն մայր իմ, քաղցած էիր մնում,
Ինչ որ ճարվում էր մեր տան փուճախում,
***

Թոռնուհուս //2001թ.

Կարծես երեկ էր, որ դու ծնվեցիր,
Քո լույս երեսով լույս սփռեցիր,
Որպես կլորակ, մի լիալուսին,
Որ ամեն գիշեր, արևից հետո,
Բազմում է կանաչ սարերի ուսին.
***

Ծերություն //2002թ.

…Այս ամիսներն էլ ձնագնդի պես
Թավալգլոր այնքան մեծացան,
Ժամանակի հետ պայման կապելով2
Աչքս չթարթած, տարիներ դարձան…
Տարիներն իրենց սև գործն արեցին
Ջահել տարիքս ինձնից խլեցին,
Կիսատ թողեցին միտք ու նպատակ
Անկատար մնաց իղձ ու երազանք…
Դե, ահա արդեն ութ տասնամյակ է
Անամոթաբար նստել շլնքիս,
Ծռել է մեջքս երբեմնի շիտակ,
Տիրել մարմնիս ու համառ կամքիս…
***

Բողոք առ Աստված //2001թ.

…շուրջս բոլոր դատարկ է և ունայն,
Չկա մեկը դարդս պատմեմ ես նրան,
Էյ, Աստված, բա ասում են դու ես միակ արդարը,
Հավասար ես բաժին անում կյանք ու մահի պայքարը..
Ամբողջ հոգով, խորը վշտով
Բողոքում եմ ես քո դեմ…
***

… Եվ Ալբերտ Էյնշտեյնի լավագույն միտքը կասեր. «Մ’ի ձգտեք հաջողության հասնել, ձգտեք, որ ձեր կյանքն իմաստ ունենա»:

← Վերադառնալ ցուցակին