ԱԻՆ վետերանների խորհուրդ

Մեր վետերանները

Ես հիմա էլ կաշխատեի հրշեջ ծառայությունում

16:01 / 24.07.2015

Երբ հեռախոսով խնդրեցի մի քանի հարցի պատասխանել, ասաց. «Ես կգամ վետերանների սենյակ»: Չհասցրի անհանգստախառն զարմանալ` վրա բերեց. «Դավիթաշենում եք, չէ՞, հա, ե՛ս կգամ»: Մուտքի մոտ արդեն մնում էր փաստն ընդունել. ոտքի վրա շատ ամուր կանգնած, ալ կարմիր եղունգներով, եղանակի համեմատ թեթև հագնված այս կինը 90 տարեկան է: Ընկերուհին` 74-ամյա Նունեն, ով ծնունդով Չարդախլուից է, ոչ պակաս զարմանք հարուցող իր արտաքինով շտապեց ներկայացնել. «Սեդա Հակոբովնան Ազնավուրի քույրն է», ու ինքն էլ բացեց ասածը. «եթե տեսնեք թե ինքն էլ ինչպես է պարու՜ մ…»:

Սանամ մայրն ու Հակոբ հայրը 1915թ-ին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից երեք երեխաների հետ բռնեցին գաղթի ճամփան: Ճանապարհին հնգամյա եղբորը սպանեց թուրքը, ու, ասես, ճակատագրի հեգնանքով թուրքից փախած ընտանիքը ապաստանեց սովետիզմով «վնասազերծված» թուրքերի երկրում` Ադրբեջանում: Սեդան ծնվեց Բաքվում: Տարիներն ասես վախեցել են մոտենալ այս կնոջը, ուղղակի նա ժամանակ չի ունեցել դրանք նկատելու, առավել ևս` հաշվելու: Գրագետ ու վարժ ռուսերենով մեկիկ-մեկիկ բացում է իր կենսագրությունը կազմող լուսանկարների լռությունը, վերապրեցնում դրանցում պատկերված մարդկանց` իրենց ապրած ժամանակի մեջ ու իր փայլուն հիշողությամբ ամենայն մանրամասներով նրանց դարձնում ներկա: …Երազում էր իրավաբան դառնալ, բայց վատ էին ապրում, միակ աշխատողը հայրն էր, ով շուտ մահացավ, ու, որպեսզի իրեն աշխատանքի ընդունեն, գործարանում ներկայացավ թե` «Ինձ Ռուբեն Նիկոլաևիչն է ուղարկել»: Վերջինս մեծ քրոջ ամուսինն էր և ազդեցիկ մարդ: Բայց ընդամենը մի քանի օր հետո սկսվեց պատերազմը: Ապրելու ժամանակը մարդը չի ընտրում, բայց երբ կոմերիտական ընկերուհիներով որոշեցին գնալ զինկոմիսարիատ և կամավորագրվել` որոշումը կոմերիտմիությանը չէր, իրենն էր: Քանի որ 18-ը դեռ չէր բոլորել, կանչեցին 42թ-ին և ուղարկեցին թիկունք`Ադրբեջանի ՆԳՆ հրշեջ ծառայություն: Տղամարդիկ ռազմաճակատում էին, և հրդեհ մարելու գործը մնացել էր կանանց ու աղջիկներին: Վարորդներն էին միայն տղամարդ: … Բամբակի ամբարները հրդեհել էին, ու իրենք երկու ամիս հրդեհ էին մարում, իսկ երբ ընկերուհին` Կլավան, գերանները չհաղթահարելով ընկավ ծովը, աղջիկները տղամարդավարի փրկեցին նրան: Կրտսեր սերժանտից ավագ դարձած հրամանատարի տեղակալ Սեդա Մանուկովան տեղում նստել չգիտեր, հրդեհների մարմանը մասնակցում էր և նեղվում էր, երբ իրենց չէին թողնում վառվող ինքնաթիռների մեջ մտնել: 1946թ.-ին զորացրվելուց հետո մնաց և աշխատանքի անցավ հրշեջ ծառայությունում` որպես կրտսեր տեսուչ: Դեռ մինչև պատերազմը ընդգրկված էր Ադրբեջանի թեթև ատլետիկայի հավաքականի թիմում: Պատերազմի ավարտից հետո, 1946թ.-ին Դնեպրոպետրովսկում, այն ժամանակ ՍՍՀՄ դեռևս 16 հանրապետությունների միջև անցկացվող սպարտակիադայի ժամանակ, որին ներկա էր Ստալինը, վազքի մրցույթում Ադրբեջանի չեմպիոն դարձավ հայազգի Սեդան, ով մինչև 53 տարեկանը, արդեն համակարգի աշխատողների միջև անցկացվող վազքի մրցույթներում անփոփոխ հաղթողն էր: 1951թ. սիրահարվեց և ամուսնացավ ծառայությունը Բաքվում անցկացնող, ազգությամբ վրացի Գեորգիի հետ: Սպասում էր առաջնեկին, հղիության 8-րդ ամիսը լրանալուն քիչ էր մնացել, որ գնար ֆիզարձակուրդ. այն ժամանակ այդպես էր: Իրեն ուղարկեցին տուգանելու Բաքվի ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի տեղակալին` հրդեհային կանոնները չպահպանելու համար: Հոկտեմբեր ամիսն էր, ջեռուցման համակարգին անցնելուն դեռ մեկ ամիս կար, բայց էլեկտրական սալիկ էին միացրել: Ինքը` որպես հրդեհային տեսուչ, մոտեցավ և անջատեց ստուգողական կափույրը /вентиль/: Հանկարծ սև ծուխը սկսեց ետ ընթանալ ու շենքը լցվեց ծխով: Ինքը շատ լավ գիտեր, որ պետք է խոնավ շոր դնել քթին և կռացած վիճակ ընդունել, բայց զանգեց փոխգնդապետին և օգնություն խնդրեց: Երբ օպերատիվ խումբը եկավ, նրանց սկսեց ցույց տալ ինչը որտեղ է, ինչ-որ մեկը ոտքով հարվածեց ձեռնանցքի ապակուն և թթվածնի հոսքից 5 մետր բարձրությամբ կրակ բռնկվեց: Ծուխը շնչելով ներգրավվեց կրակը հանգցնելու գործին: Մի քանի օրից ստիպված եղավ գնալ հիվանդանոց: Առաջնեկը վաղածին էր և մեկ օր անց մահացավ: Յոթ օր մնաց հիվանդանոցում, ու երբ նորածիններին բերում էին կերակրելու, ինքը շրջվում էր դեպի պատը, որ չտեսնի այդ ընթացքը…

Շուտով ամուսինն էլ տեղափոխվեց հրդեհային ծառայություն, և ադրբեջանցի մի ամբողջ ընտանիքի փրկելու համար արժանացավ շնորհակալագրի ու հուշանվերի: Սեդան միայն հրշեջ չէր, ակտիվ էր բոլոր հարցերում, և ամեն մի նոր ստեղծվող հանձնաժողովի փնտրված անդամն էր: Աշխատանքն այնքան էր իր սրտով, որ ձեռնամուխ եղավ գրելու Ադրբեջանի հրշեջ պահպանության պատմությունը: Բնավորությամբ խիստ էր ու անկաշառ: Հենց այդ հատկանիշների շնորհիվ նա գործկոմի միջգերատեսչական հանձնաժողովի անդամ էր, ընկերական դատարանի նախագահ, ժողովրդական վերահսկիչ, 25 տարի ժողովրդական ատենակալ: …Մի փոխնախարար տուն էր կառուցել ու փակել պահեստային ելքը. շենքն ընդունելու համար Սեդան հրդեհային անվտանգության մասով պետք է ստորագրեր, սակայն անդրդվելի մնաց և չստորագրեց նույնիսկ այն ժամանակ, երբ ղեկավարը հրահանգեց` ստորագրի, քեզ համար ձրի հեռախոս կանցկացնենք:

Իր տեղամաս հերթական մի այցից հետո նկատեց շենքից դուրս եկող երիտասարդի` երկու ճամպրուկները մի կերպ գոտիներով կապկպած: Դա իրեն կասկածելի թվաց, և մինչ երիտասարդը տաքսի էր որոնում, ինքը մոտակա կրպակի կոշկակարին ուղարկեց թաղային տեսուչի ետևից: Իսկ երբ երիտասարդը ճամպրուկները տեղավորեց տաքսու մեջ, ինքը բռնեց մեքենայի դուռը և թույլ չտվեց նրան նստել: Ոստիկանության մայորին երիտասարդի բացատրածը, թե մորաքույրն է տվել, որ ճամպրուկները տանի իր տուն, իրեն անհեթեթ թվաց, ու հարցրեց` ի՞նչ կա ճամպրուկներում: Չէր սխալվել, երիտասարդը Հայաստանում բնակարանային գողության համար փնտրվող անձ էր: Այս արարքի համար Ադրբեջանի ՆԳՆ նախարարը Սեդային դրամական պարգևի արժանացրեց և նվիրեց ձեռքի ժամացույց: Իր ակտիվությունը մի բացատրություն ունի. ուղղակի չի կարող դիտորդի կարգավիճակով ապրել: Բազմաթիվ հրդեհներ է մարել, նույնիսկ ոչ իր հսկողությանը հանձնված տեղամասերում: Իր մասին գրել են Բաքվի թերթերը: Ցանկացած իրադրության մեջ իրեն չկորցնելը, կազմակերպչական ջիղը ուժեղ մարդկանց է հատուկ: Երբ սիրելի ամուսինը ավտովթարի զոհ դարձավ, կատարվածն ընդունեց որպես փաստ ու կազմակերպեց հետագա ամբողջ գործընթացը` ամուսնու աճյունը տեղափոխելով Վրաստան: Իր համար ամենաանսպասելին, սակայն, հայերի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն էր: Բնակարանի դռան վրա ամուսնու վրացական ազգանունն էր, դուստրը և որդին նույնպես վրացական ազգանուն ունեին, բայց վերևի հարևանուհին մատնել էր, թե` մայրը հայ է, իսկ ադրբեջանուհի մյուս հարևանուհին իրեն խնդրում էր տանից դուրս չգալ ու իր համար գնումները նա էր կատարում: Փեսան ու հարսը հայ են և դուստրն ու որդին ստիպված էին հեռանալ ԱՄՆ ու Ռուսաստան: Ադրբեջանում սիրված երգչուհի Զեյնաբ Խանլարովան նույնիսկ սումգայիթյան դեպքերից հետո Բաքվի կառավարական շենքի մոտ հավաքված ամբոխին փլավ էր բաժանում: … Բնակարանի դուռը փակեց երկու օրով` վերադառնալու մտադրությամբ, բայց վերադարձն այլևս անհնար եղավ. ամբոխը կոտրել էր դուռը ու թալանել բնակարանը: … Ամերիկա մեկնելու համար դստեր ուղարկած վիզան դրել է պահարանում ու այդ մասին մոռացել: Ինքն իրեն կոմունիստական կուսակցության անդամ է համարում, հիմա էլ: Երբ 66 տարեկանում իր երկրորդ կյանքը սկսեց Հայաստանում, դարձավ Արարատի` իրենց կուսկազմակերպության քարտուղարը, ծանոթացավ Ս. Բադալյանի հետ: Իսկ երբ Զյուգանովն այցելեց Հայաստան, իրեն շքանշան հանձնեց: Միակ կուսակցությունը` պարտիան, նրա համար լուրջ ու պատասխանատվության ենթարկող կառույց էր, որն անհամատեղելի է յուրայիններին հովանավորող այսօրվա թիմային կուսակցությունների հետ: Այս տարիքում Արարատ քաղաքի փախստականների հասարակական կազմակերպության նախագահն է ու իր ներդրումն ունի անհրաժեշտ բոլոր հարցերի լուծումներում: Նրա կարծիքը հաշվի են առնում, նրա հեռախոսազանգերն անպատասխան չեն մնում: 59 փախստական ընտանիք նրա ջանքերի շնորհիվ բնակարան է ստացել: Հեռախոսի, գազի և մնացած բոլոր հարցերի լուծման հասցեատերը նախ ինքն է: 8-ամյա ռուսական կրթությամբ, բայց գրագիտությամբ ու հարցերում կողմնորոշվելու բնատուր օժտվածությամբ դիպլոմավորներին չզիջող այս կնոջ հասցեով պետական բոլոր կառույցներից գրություններ են գալիս, շնորհիվ նրա համառ ու հետևողական բնավորության` բարձրացված հարցերը լուծում են գտնում: Սեդան իրավաբան չդարձավ, բայց մասնագիտական կողմնորոշումը դարձավ նրա կենսաձևը. օգնել մարդկանց հաստատելու արդարությունը: Ինքը պատերազմի մասնակից չի համարվում, չնայած իր իրավունքները հավասարեցված են պատերազմի մասնակցի իրավունքներին: Բարձրաստիճան հայ պաշտոնյան ասել էր. «Ադրբեջանի թիկունքը Հայաստանի Հանրապետության մեջ չի մտնում»: Եվ նա հիմա ռուսական արխիվներին է դիմում` իր իրավունքները հաստատելու համար:

Երկարակեցության գաղտնիք, ինչպես նաև հատուկ դիետա, չկա: Համակարգչով տարված, կարող է ուշ ժամի էլ մի բան ուտել, իսկ ֆիզկուլտուրայով ամեն օր չէ, որ հասցնում է զբաղվել, բայց պոլիկլինիկայի համար նա «տնային գրքույկ» է աշխատում, հարցնում են` պատասխանում է, թե քանի նորածին կամ մանկապարտեզ ու դպրոց հաճախող կա: Լվացքը ձեռքով է անում ու, չնայած պլաններ դեռ շատ ունի, բայց լվացքի մեքենա գնելու հարցում` ժպտում է. դա իր պլանավորմանը ենթակա չէ: Ասում է, որ հեռուստացույցն էլ իրենը չէ: Բայց «տուն դնելը» տարիքի հետ մարվող ցանկություն չէ, բնավորություն է, ու նրա բնակարանում այս երկու օրը նոր կահույք է հայտնվել: Երկարակեցության գաղտնիք, այնուամենայնիվ, կա: Ու դա հարևանների բնութագրման մեջ է. տիկին Սեդայի ուրախությունը ուրիշներին օգտակար լինելն է, նա միշտ կարիքավորի կողքին է և մարդուն ջերմացնելու առիթը երբեք բաց չի թողնում: Նրա սրտում նախանձը բնակության տեղ չունի: Չարին միայն բարով է պատասխանում, ու չարի նկատմամբ նրա վերաբերմունքը` կարեկցանքն է: Հյուրասիրությունն ու կենսախնդությունը նրա էությունն են, ասում են, թե` բնավորության վատ գիծ չունի: Հարևաններից` ծնունդով երևանցի Էլմիրան, շատ երիտասարդ է ու շատ է կապված տիկին Սեդային: Իմ հարցին, թե ինչն է կապում, պատասխանում է. «Նա այնքան էներգիա ունի, ես ավելի շատ ստանում եմ, քան տալիս: Նրանից կարելի է սովորել, թե ինչպես ապրել: Իմ հուսահատությունը շատ արագ կորչում է նրա հետ շփվելիս»: Տան դետալները խոսում են տանտիրուհու մասին. զարդասեղան ծառայող սեղանիկին իր դարաշջանի բույրը ներկայացնող «Կրասնի Մասկվա» օծանելիքից մինչև պատերը գրաված պատվոգրերն ու …Ալլա-Գալկին զույգի օրացուցային նկարը: Սեդա Հակոբովնան հասցե է, ում դիմում են` համոզված, որ նա իր հետևողականությամբ առաջ քաշված հարցը լուծման կհասցնի: Ապրելու լավագույն ժամանակահատվածը իր համար սովետականն է, որը «սերունդ էր դաստիարակում», ապրելու նախընտրելի վայրը` ծննդավայր Բաքուն: «Լավագույնը անվան մեջ չէ, այլ խաղաղ ապրելու, խաղաղ ձգտումների, ճիշտ երազանքների: Այս ինքնամեծարու՜մը, ինչ-որ խավի ամենաթողությունը…»: Բակերում երեխաները անիմաստ վազվզում են, անիմաստ բղավում: Նրանց ազատ ժամանակը ուղղվածություն չունի, մինչդեռ այն պետք է նպատակամղել: Հիմա էլ Սեդան շատ բան կարող է անել, կազմակերպել. մտածում է` խաղահրապարակ է պետք կառուցել, ազատ ժամանակը դաստիարակող պետք է լինի, էլի եկեղեցի են կառուցում, ինչի՞ համար են այսչափ եկեղեցիները: Ու նրա հետ դժվար է չհամաձայնել:

Նրա բնակարանի դուռը ցերեկները երբեք բանալիով չի փակվում: Նրա հարևանները հիմնականում Բաքվից եկած փախստականներ են, որոնց համար Սեդա Հակոբովնան բոլոր ժամանակների խորհուրդն իր մեջ ամբարած մի տաք ներկայություն է, ով իրենց խոսք է տվել, որ բոլորելու է նաև իր 100 տարին:


Լիլիթ Եգանյան

← Վերադառնալ ցուցակին