ԱԻՆ վետերանների խորհուրդ

Մեր վետերանները

Մեր հոբելյարները շարքից. Արտուշ Հայրապետի Գրիգորյան

16:10 / 24.07.2015

Վերջերս լրացավ ՀՀ ԱԻՆ վետերան Արտուշ Գրիգորյանի ծննդյան 90-ամյակը: Նա երկար տարիներ աշխատել է նախկին ՆԳՆ հրշեջ պահպանության վարչությունում որպես հրշեջ-հրահանգիչ և ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի անդամ է:

Հուլիսի 8-ին նախարարության անունից վետերանին շնորհավորելու էին այցելել ՀՀ ԱԻՆ Արարատի մարզի վետերանների խորհրդի նախագահ Գեղամ Շահբազյանն ու Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը:

Հարցազրույցը կայացավ…այն դեռ չսկսած

Վետերանի հետ հանդիպելու և զրուցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարեցի նրան: Կիրթ, հաճելի և բարեհամբույր ձայնով զանգիս պատասխանողը մեր հոբելյարի թոռնիկն էր` Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ Էլյան, և քանի որ պապը հեռախոսով դժվարացավ ինձ հետ խոսել, որոշեցի մի քանի հարց ուղղել հենց Էլյային: Երբ նա սկսեց խոսել իր պապի մասին, ես լռեցի, այլևս հարցերի կարիք չկար:
Գրիգորյաններն արմատներով նախիջևանցի են. Արտուշ Գրիգորյանը ծնվել է հուլիսի 1-ին, 1924թ. Նախիջևանի Շարուրի շրջանի (այժմ` Նորաշեն) Ալաքլու գյուղում: Մեկ տարեկան չկար, երբ ընտանիքը տեղափոխվում է Արարատի մարզի Նորաբաց գյուղ: Դեռ նոր էր ավարտել տեղի 8-ամյա դպրոցը, երբ սկսվում է մեծ Հայրենականը, և 1942 թ.-ին տասնութամյա պատանին կամավոր մեկնում է ռազմի դաշտ` հետևում թողնելով բոլոր երազանքները…

Հայրը (Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր և նույնպես գտնվում էր ռազմաճակատում) 1943 թ.-ին զոհվում է Նովոռոսիյսկում, 44 թվականին կորցնում է մորը, իսկ երկու քույրերը հայտնվում են մանկատանը. այս ամենի մասին էր գույժը` 45 թ.-ին ռազմաճակատում ստացած հեռագիրը: 1946 թ.-ին Արտուշ Գրիգորյանը փառքով վերադառնում է պատերազմից: Առաջինը, որ պիտի աներ ինքը` ավագ որդին, քույրերին գտնելն էր…դժվար էր: Ոչ-ոք չգիտեր նրանց գտնվելու ստույգ տեղը…գտավ` տարբեր մանկատներից: Ու սկսեց հայրական տան վերանորոգումը` քույրերին թևի տակ առնելով: 1946 թ.-ին ամուսնանում է հարևանի աղջիկ Էլյայի հետ և երկուսով, մեջք-մեջքի տված մեծացնում են քույրերին` իրենց երեխաների հետ միասին (հետագայում թոռնիկին կոչեցին Էլյա` ի հիշատակ տատիկի): Ինքը, ով հասցրել էր գերազանցությամբ ավարտել երկու ուսումնարան, ցավում էր, որ լավ կրթություն ստանալու համար այդպես էլ ժամանակ չունեցավ: Ուստի ամեն ինչ անում է, որ իր երեխաները բարձրագույն կրթություն ստանան: - Ով ուսում չունի, բարձունքի չի կարող հասնել, - պապի հորդորները մեջբերեց Էլյան: Մենք բոլորս էլ լավ ենք սովորել-ավարտել, նույնիսկ` անվճար( քրքջում է),- կողքից հուշում էր պապը,- ապա ավելացնում, - Էսօրվա գործը վաղվան մնաց, կորավ, գնաց…

Միշտ չէ, որ բարձրակարգ ուսումը, աշխատանքային հարուստ կենսագրությունն ու կյանքի բազմաթիվ հիշարժան պահերն են հարստացնում մարդու կյանքը; Համեստ է մեր վետերանը, սակայն` հարուստ իր ունեցածով…Օժտված լինելով մեծ աշխատասիրությամբ ու ազնվությամբ, միշտ էլ սիրվել ու գնահատվել է բոլորի կողմից: Ունի բազմաթիվ պատվոգրեր ու շքանշաններ: 1948-73 թթ. աշխատել է Ներքին գործերի նախարարության համակարգում, հրշեջ պահպանության վարչությունում որպես հրշեջ ջոկատի հրամանատար, ապա դասակի հրամանատար, այնուհետև ավագ հրշեջ-հրահանգիչ, ունի մայորի կոչում: 1973 թ.-ից անցնում է թոշակի, սակայն զավակի կորուստը ստիպում է նրան շարունակ աշխատել: 1973-83 թթ. աշխատում է օդանավակայանում, իսկ 1983-99 թթ.-ին` Երևանի մետրոպոլիտենում, որպես հրշեջ-ավագ հրահանգիչ:
Այժմ, իր հանգիստը վաստակած, կյանքի 90-րդ տարին է բոլորում (Էլյայի խոսքով) ասող-խոսող, հումորով Արտուշ Գրիգորյանը:

Ո՞րն է երկարակեցության գաղտնիքը

Հարց, որ տրվում է հավերժ, և որին յուրաքանչյուրն ունի իր պատասխանը.… ընտանիքին վրա հասած բոլոր դժբախտությունները, հոգսն ու ցավն իր մեջ առած, սակայն զինվորական կեցվածքին հավատարիմ, խինդ ու բարություն սփռելով, իր համեստ գոյությամբ է բացում գաղտնիքը։

Հ. Գ. Ամեն Աստծո պարգևած օր իննսունամյա Արտուշ պապը մտնում է իր այգին և աշխատում մինչ ուշ երեկո, հայրական տունը շենացնելու, կորցրած զավակի, թոռների նկատմամբ ունեցած պարտքը սրտում…Իսկ այգու բարիքները բաժանում է բոլորին` բարեկամներին, ծանոթներին, ընկերներին, հարևաններին, նաև` ինձ.«Այ, հենց խաղողը հասնի, համեցեք …»:

Գոհար Խանվելյան

← Վերադառնալ ցուցակին