ԱԻՆ վետերանների խորհուրդ

Մեր վետերանները

ԱԻՆ հոբելյար-վետերանը. Հենրիկ Արաբյան

16:07 / 24.07.2015

Վերջերս լրացավ ՀՀ ԱԻՆ վետերան Հենրիկ Արաբյանի ծննդյան 75-ամյակը: Նա երկար տարիներ աշխատել է նախկին ՆԳՆ հրշեջ պահպանության վարչությունում և հանդիսանում է ՀՀ ԱԻՆ վետերանների խորհրդի անդամ: Օժտված լինելով պատասխանատվության բնատուր զգացումով` կյանքի բերումով որտեղ էլ հայտնվեր, աշխատել է օգտակար լինել, մնայուն գործ անել, օգնել ինչով կարող է իր ընկերներին ու ծառայակիցներին: Վետերանի հետ հանդիպումն ու զրույցը հետաքրքիր էին` լի աշխատանքային հարուստ կենսագրության բազմաթիվ հիշարժան պահերով, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև:

Հենրիկ Անդրանիկի Արաբյանը ծնվել է հունիսի 10-ին, 1939 թ. Երևանում, բանվորի ընտանիքում:

1956 թ. ավարտել է Երևանի թիվ 74 դպրոցն ու նույն տարում ընդունվել Երևանի պետական համալսարան: Թե դպրոցում, թե համալսարանում եղել է ակտիվ աշակերտ, ուսանող` ընտրվելով կոմերիտմիության ղեկավար մարմիններում` որպես քարտուղար: Ուսանողական վերջին տարիներին կատարել է նաև դասախոսի պարտականություններ:
20 տարեկանում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը (միակ միջավայրը, որտեղ հնարավոր էր դրսևորվել որպես հասարակական, նաև քաղաքական գործիչ` նշում է Հ. Արաբյանը):
1961-63 թթ. աշխատել է Հրազդանի շրջանում` որպես միջնակարգ դպրոցի տնօրեն, ապա` Հրազդանի շրջկոմի կոմերիտմիության առաջին քարտուղար, Հրազդանի, Աբովյանի ու Սևանի շրջանների կոմերիտական կազմակերպությունների Կենտկոմի կազմակերպիչ:
1963 թ. տեղափոխել են Երևան: Սկզբում աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմում, ապա նորից ընտրվել ԵՊՀ կոմերիտական կազմակերպության 1-ին քարտուղար` կատարելով նաև դասախոսական աշխատանքներ:
1966-69 թթ. աշխատել է ՀԽՍՀ բարձրագույն կրթության նախարարությունում` որպես նախարարի օգնական-տեսուչ:
1969-74 թթ. աշխատանքի է անցել Կոմկուսի Երևանի Սպանդարյանի, ապա` 26 կոմիսարների անվան շրջանների աշխատակազմերում` որպես հրահանգիչ, բաժնի վարիչ: Բազմիցս ընտրվել է շրջանային և Երևանի քաղաքային ժողովրդական դեպուտատ:
1974-78 թթ. նշանակվել է Երքաղսովետի գործկոմի կինոֆիկացիայի քաղաքային վարչության պետ:
1978-82 թթ. նշանակվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության ավագ հրահանգիչ:
1982-92 թթ. աշխատել է ՆԳՆ կենտրոնական աշխատակազմում` որպես քաղբաժնի պետ, պաշտոնի բերումով վարել հանրային հեռուստաընկերության «Մարտական պոստում» հաղորդաշարը: Այնուհետև տեղափոխվել է ՆԳՆ հրշեջ պահպանության վարչություն:
1992 թ. անցնելով թոշակի` միաժամանակ շարունակել է աշխատել: Մասնագիտությամբ իրավաբան լինելով` 10 տարի աշխատել է «Պրոմեթեյ» ԲԲ ընկերությունում` զբաղեցնելով իրավաբական վարչության պետի, բանկի իրավաբանի և աշխատակազմի գրասենյակի պետի պաշտոնները:

1970-ական թվականների վերջին և 80-ականների սկզբին` ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ապարատում աշխատելու ժամանակ զբաղվել է հայկական գյուղերի անվանափոխության հարցով: Այն ժամանակ խնդիր էր դրված Հայաստանի բոլոր օտար անուն ունեցող գյուղերի անունները փոխել իրենց հին հայկական կամ նոր, բարեհունչ ու հայեցի անունով.

- Որոշումը կար, բայց մեկը պիտի այն իրագործեր: Ուսումնասիրելով պատմությունը, հանրագիտարանները, խոսելով տեղի բնակիչների հետ, պարզելով անվան ծագումն ու նշանակությունը` ես կարողացա նախապատրաստել Հայաստանի 104 գյուղի անվանափոխությունը: Այն ժամանակ Գերագույն խորհրդի նախագահի տեղակալը Հովհաննես Բաղդասարյանն էր: Երբ այս գործի վրա աշխատում էի, իմ բաժնի վարիչը խորհուրդ տվեց, որ պարբերաբար զեկուցեմ արած աշխատանքի մասին: Երբ գնացի Հ. Բաղդասարյանի մոտ ու ներկայացրի, թե ինչ եմ արել, ասաց. «Տղա ջան, ինչի՞ ես էսքան արագ աշխատում»: Ասացի` բայց մի՞թե սա արագ աշխատել է: Ասաց. «Սա, որ արեցիր, հետո ինչո՞վ ես զբաղվելու»: Ասել է թե` պիտի ժամանակ ձգեի, որ զբաղմունք ունենայի… (ծիծաղում է)…

Երկրում մտավորականների ու երիտասարդության շրջանում 1965 թ. խմորումներ էին սկսվել` կապված հայոց ցեղասպանության ճանաչման հետ, Հ. Արաբյանը Երևանի պետական համալսարանի կոմերիտմիության կոմիտեի առաջին քարտուղարն էր: Անհրաժեշտ էր քաղաքականություն մշակել արդյո՞ք համալսարանի ուսանողությունը պիտի մասնակցի ապրիլի 24-ի ցույցերին, թե՞ ոչ.
- Ես գնացի նրան, որ ուսանողությունը մասնակցի այդ ցույցին: Ինձ աշխատանքից հանեցին, բայց 2 օր անց նորից վերականգնեցին: Ամեն դեպքում այն տարիներին նման հարցերում Հայաստանի ղեկավարության աջակցությունը կար:

 

Հ. Արաբյանը համակարգ (ոստիկանություն) է տեղափոխվել 1982 թվականին` կուսակցության ղեկավար մարմնի որոշմամբ, որպես քաղբաժնի պետ: Մոսկվայում նա հանդիպում է Բրեժնևի փեսայի` Յուրի Չուրբանովի հետ, որն այն ժամանակ ԽՍՀՄ Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալն էր: Հենց վերջինս էլ հաստատում է Հ. Արաբյանի թեկնածությունը քաղբաժնի պետի պաշտոնում: Այնուհետև ՆԳՆ հրշեջ պահպանության վարչությունում ղեկավարել է կադրերի բաժինը.

- Ականջովս ընկել էր, որ կադրերի բաժնում մարդիկ կան, որ շարքայինին վկայական, կոչում տալու կամ տեղից տեղ տեղափոխելու համար մանր-մունր չարաշահումներ էին անում: Ես եկա, բաժնում մի քանի հոգու ասացի. «Դուք ավելի լավ է գնաք, մենք միասին չենք կարող աշխատել»: Այդ տարիներին հրշեջ պահպանությունում այնպիսի մթնոլորտ էր ստեղծվել, որ շարքային անձնակազմը չէր համալրվում: Բժշկական ծառայության ղեկավարին համոզեցի, որ մարդ հավաքագրելու համար պիտի արտագնա նիստեր անցկացնենք, անձամբ գնանք շրջաններ, հանդիպենք, բացատրենք, տեղում բուժզննում անցկացնենք ու լրացնենք անձնակազմը:

Այսպիսի մոտեցումը լավ արդյունք է տալիս` հրշեջ պահպանության վարչությունը համալրվում է երիտասարդ կադրերով: Աստիճանաբար վերանում է «պաժառնիկ չե՞ս» քամահրական արտահայտությունը և փոխվում վերաբերմունքը հրշեջների նկատմամբ: Հիմա էլ ԱԻՆ համակարգում և, անգամ վետերանների մեջ, կան մարդիկ, որոնց այս համակարգ է բերել Հ. Արաբյանը:

ԱԻՆ վետերանը գտնում է, որ նախկին ՆԳՆ հրշեջ պահպանության վարչությունը և ներկայիս արտակարգ իրավիճակների նախարարությունը սկզբունքորեն տարբեր կառույցներ են. 

- Հիմա, երբ լսում եմ, որ ինչ-որ տեղ քարաթափ է եղել կամ ճանապարհ պիտի մաքրել կամ փակված դուռը բացել, մեր տղաներն են հասնում, ես տեսնում եմ, որ պետականություն կա: Նույնիսկ ամենահասարակ դեպքի համար, երբ մի մարդ մի բահով կարող է ճանապարհ մաքրել քարաթափից, էլի մարդն է անում, բայց պիտի մի կառավարման համակարգ լինի, որ ասի` ինչ, ոնց: Ես տեսնում եմ, որ համակարգ է ստեղծվել, որ «հայր» ունի: «Հայր», որի ներքին խորությունը բազմաշերտ է ու բազմաբովանդակ: Ես դրանց մեջ շատ մեծ հոգատարություն եմ տեսնում` մարդու, հայի, երիտասարդի, մեր (վետերանների) նկատմամբ, իսկ դա ամենակարևորն է: Այս ծառայությունը գուցե շատ ավելին է անում անձի պաշտպանության համար, քան մնացած բոլոր ծառայությունները միասին: Մյուսները կոնկրետ մեկին են օգնում կամ մի հարցով, իսկ այս համակարգը մի ամբողջ դաշտ է ստեղծել: Շատերն եկան ու գնացին, սակայն այսօր ես այս այլ բան եմ տեսնում` խորություն, հայրենասիրություն, մարդու և հայրենիքի նկատմամբ ուշադրություն: Համոզված եմ, որ այս նոր ծառայությունը նորացված Հայաստան երկրի ապագայի կերտման տեսակն է:

Եկել էի նախարարության պոլիկլինիկա` բուժզննման… Պետից սկսած` բոլորը շատ հոգատար ու ուշադիր էին: Չէի սպասում, որ այստեղ այսպիսի վերաբերմունք կցուցաբերեն… Չգիտեմ` ինչքան են «հետևիցս ընկնելու» մինչև ինձ բուժեն… (ծիծաղում է):

Հ. Գ. Երկարամյա ծառայությունից հետո թոշակի անցնելու կապակցությամբ այն ժամանակվա ներքին գործերի նախարարի հրամանով Հ. Արաբյանը դրամական պարգևատրում է ստանում, որը թոշակի հետ միասին բավականին խոշոր գումար էր կազմում: Վերջինս գումարը պահ է տալիս բանկին… Սակայն մի քանի տարի անց` «փողը փոխվելուց» հետո վետերանի երկար տարիների վաստակը դառնում է ընդամենը 157 դրամ…

← Վերադառնալ ցուցակին