ԱԻՆ վետերանների խորհուրդ

ՎԽ լրահոս

Կայացավ ԱԻՆ վետերանների ժողովը

16:45 / 29.03.2019

Մարտի 29-ին ԱԻ նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության հերթական ժողովը, որին մասնակցում էին ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արա Նազարյանը, նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը:

Արա Նազարյանն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի անունից ողջունեց վետերաններին, ժողովականներին մաղթեց բեղմնավոր աշխատանք:

Իր խոսքում փոխնախարար Նազարյանը բարձր գնահատեց ԱԻՆ վետերանների խորհրդի գործունեությունը, շեշտեց նրանց փորձն ու գիտելիքներն օգտագործելու կարևորությունը:

Վետերանները խնդրեցին շնորհակալական խոսքեր փոխանցել նախարար Ֆ. Ցոլակյանին վետերանների խնդիրները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար:

Վետերանները փաստեցին, որ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն»-ի դռներն իրենց համար միշտ բաց են և այնտեղ կարողանում են ստանալ համապատասխան բժշկական օգնություն:

«ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունն իր շարքերում ունի 1127 անդամ, այդ թվում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի երկու և Արցախյան պատերազմի 26 մասնակից, հաշմանդամություն ունեցող 32 վետերաններ:

Ժողովի աշխատանքների նախապատրաստմամբ զբաղվող աշխատանքային խմբի առաջարկով ժողովին մասնակցում էր 50 պատվիրակ:

Վետերանների անցած դժվար ճանապարհի մասին խոսեց խորհրդի անդամ Վաչագան Սրապյանը:

Հիշարժան դեպքերի շարքում Վաչագան Սրապյանն ընդգծեց հատկապես 1982 թվականի հոկտեմբերի 15-ին ատոմակայանում առաջացած բարդ և վտանգավոր հրդեհը, երբ կրակի դեմ 7 ու կես ժամ տևած պայքարի արդյունքում, 125 հրշեջների սխրանքի շնորհիվ այն հաջողվեց մարել: Մի քանի տարի անց՝ 1986 թվականի ապրիլի 26-ին, Չերնոբիլում տեղի ունեցած աղետն ավելի ցայտուն ցույց տվեց հայ հրշեջների սխրանքը և այն հնարավոր ողբերգական հետևանքները, որոնք կանխվեցին նրանց հերոսական ջանքերի շնորհիվ:

1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ, չունենալով համապատասխան թվով անձնակազմ և տեխնիկական միջոցներ, աշխատելով ծանր պայմաններում, ըստ պաշտոնական տվյալների, հրշեջ-ծառայողները փրկել են 275 մարդու:

Ժողովի օրակարգում ընդգրկված էին կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, 2019-2021 թվականների միջոցառումների պլանը հաստատելու, կազմակերպության նախագահի, տեղակալի և վարչության անդամների ընտրությունների մասին հարցերը:

Վետերանների ժողովի ժամանակ բարձրացվեցին վետերանների բուժման, հանգստի, ժամանցի կազմակերպման, վետերանների փորձն ու գիտելիքներն ԱԻՆ փրկարար ծառայողներին փոխանցելու հետ կապված հարցեր:

Վետերանների խորհրդի անդամների կողմից հնչեցին գործունեության արդյունավետությանն ուղղված ծրագրային առաջարկներ, մասնավորապես մարզային մասնաճյուղերի հաշվետու ընտրական ժողովների ձևավորում, քարտադարանների ստեղծում, վետերանների էլեկտրոնային արխիվ և հուշամատյաններ, հիմնական փաստաթղթերի մշակման աշխատանքներին բանիմաց և փորձառու վետերանների ներգրավում, վետերանների ուժերով տեղերում վարպետության դասընթացների կազմակերպում և մի շարք այլ հարցեր:

Նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանը, ով համակարգում է վետերանների աշխատանքը ԱԻՆ-ի հետ, որոշ դիտարկումներից և առաջարկներից զատ, վետերաններին խնդրեց նաև գրի առնել իրենց գործունեության ընթացքում պատահած հիշարժան դեպքերը և փոխանցել ԱԻՆ թանգարան, որը ԱԻՆ պատմության մի մասն է և գալիք սերնդի համար ուսանելի կարող է լինել:

Նա վետերաններին հորդորեց զենքերը վայր չդնել և մերօրյա խնդիրներին ընդառաջ ակտիվ գործունեություն ծավալել ուս-ուսի՝ երիտասարդական ավյունով:

ԱԻՆ վետերանները շնորհակալություն հայտնեցին կազմակերպության նախկին ղեկավար Արամայիս Քոսակյանին կատարած բեղուն աշխատանքի համար, և ընտրությամբ միաձայն որոշվեց «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ հասարակական կազմակերպության նախագահ ընտրել Ներսիկ Հեպոյանին՝ հաշվի առնելով նրա ունեցած մեծ փորձն ու բարձր հեղինակությունը:

Կազմակերպության նախագահի տեղակալ ընտրվեց Վաչագան Սրապյանը, ընտրվեցին նաև նոր վարչության անդամները:

Ժողովի ավարտին, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-ամյա տարելիցի կապակցությամբ աղետի գոտում վթարավերականգնողական աշխատանքներին ակտիվ մասնակցության և մարդասիրական օգնության համար կազմակերպության անդամ Ռոբերտ Ամիրխանյանը պարգևատրվեց ԱԻՆ վետերան մեդալով, իսկ 30 վետերաններ պարգևատրվեցին պատվոգրերով, որոնք հանձնեց փոխնախարար Արա Նազարյանը:

← Վերադառնալ ցուցակին